Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Անկախություն՝ առանց պատրանքների

Անկախություն՝ առանց պատրանքների
22.09.2026 | 11:56

35 տարի առաջ ընտրողների 99,5%-ը քվեարկեց հանուն ազգային-պետական ինքնիշխանության։

Հետագա տարիներին, իհարկե, որպես հասարակություն ու քաղաքական դաշտ, մշտապես բաժանվել ենք ներքին և արտաքին տարատեսակ օրակարգերի միջև։ Սակայն 1991թ. սեպտեմբերին բոլորս միասին ու միակամ էինք:

Ի տարբերություն մերձբալթյան հանրապետությունների և Վրաստանի, որոնք բարձրացրել էին «խորհրդային կայսրության» դեմ պայքարի կարգախոսները, մեզ մոտ զարգանում էին ազգային մղումները: Այն առաջին հերթին դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայազգի բնակչության իրավունքների համար պայքարով։

Անկախության պահանջն ավելացավ ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում ընկած էր արցախյան շարժումը:

Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ մեր նորանկախ երկիրը չհանդիսացավ 1918-20թթ. առաջին հանրապետության իրավաքաղաքական շարունակողը, այլ Հայկական ԽՍՀ-ն ներառեց իր ազգային պատմական նարատիվի մեջ։

1988-90թթ. ՀԽՍՀ-ն արթնացավ, վերածնվեց «Միացումի» գաղափարով՝ ինչն ամրագրված է 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում։

Պարադոքսն այն է, որ այսօր «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է արգելված թեմա: Ազգային գաղափարը, որը ավտորիտար համակարգից հայ ժողովրդին բերել է բաղձալի անկախության, այսօրվա ազատ, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանում արգելված թեմա է:

Աբսուրդ է, բայց այն ճանաչվել է «վնասակար և հակապետական»։ Դա գործող ռեժիմի աղետաբեր պարտության և «պատժել հանուն խաղաղության» (punishment for peace) ձևաչափով՝ կեղծ պատրանքներ սփռելու, մարդկանց վախեցնելով կառավարելու գինն է։

Համեմատություններն իհարկե պայմանական են, բայց եկեք մի պահ պատկերացնենք.

-մերձբալթյան երկրները հանկարծ հրաժարվեն «1940 թվականի օկուպացիայի» հետևանքների դեմ պայքարից,

-ՈՒկրաինան և Վրաստանը հրաժարվեն «տարածքային ամբողջականության» վերականգնումից,

-Ադրբեջանը հրաժարվի «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարից,

-Մոլդովայի կառավարությունն արգելի «Մեծ Ունիրի» գաղափարը՝ այն համարելով հակապետական,

-Ռուսաստանը հրաժարվի ԽՍՀՄ իրավահաջորդությունից,

-Հունգարիան մոռացության մատնի Տրանսելվանիան և այլն:

Պատկերացրի՞ք։ Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել նաև Հայաստանի ինքնիշխան Հանրապետության մշուշոտ ապագան՝ «ապարցախացման» պարագայում։

Այսօր՝ 35 տարի անց, Հայաստանը կրկին կանգնած է «խաչմերուկում»։ Ինչպես 1991թ., այժմ էլ պարզ է, որ վերադարձը դեպի հաղթական ու հերոսական անցյալ հնարավոր չէ, իսկ ապագան իր մեջ բազմաթիվ ռիսկեր, վտանգներ և անկանխատեսելիություն է պարունակում: Սակայն առաջ գնալ, այնուամենայնիվ, պետք է:

Այստեղ առանցքային հարցն այն է՝ ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից, չափազանցված սպասումներից, և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կողոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ